Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Ալիևը պնդել է՝ Հայաստանը խոչընդոտում է Նախիջևան տանող միջանցքի ստեղծմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Նախիջևան տանող միջանցքի ստեղծմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը պնդել է, թե իբր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման պայմանով։ Նա ասել է, որ այս նպատակով Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է հինգ սկզբունքներ։

Ադրբեջանի ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «չի կատարում իր ստանձնած պարտավորությունները»։ Նրա խոսքով՝ հայկական կողմը խոչընդոտում է Նախիջևանի հետ միջանցքի ստեղծումը, «իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից, ինչպես նաև չարաշահում է Լաչինի միջանցքը՝ Արցախ զինամթերք և ռազմական նշանակության ապրանքներ փոխադրելու համար»։

Ալիևը հավելել է, որ Լաչինի միջանցքում սահմանային անցակետի ստեղծումը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի և տարածքային ամբողջականության ապահովման ցուցիչ է»։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանական կողմը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը պարբերաբար մեկնաբանում է որպես «Զանգեզուրի միջանցք» և Հայաստանի նկատմամբ մշտապես ճնշումներ է գործադրում, որպեսզի կարողանա արտատարածքային միջանցք ստանալ։ Այն, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, խոստովանել է անձամբ Ալիևն այս տարվա հունվարի 10-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Բացի դրանից՝ Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքը» հավասարեցնել Լաչինի միջանցքին, որի անխափան գործունեությունը երաշխավորված է եռակողմ հայտարարությամբ, և Բաքուն ավելի քան չորս ամիս է՝ շրջափակել է այն։ Հայկական կողմը պետք է ամեն կերպ խուսափի նման միջանցքի տրամադրումից, որը լրջագույն սպառնալիք կլինի Հայաստանի կենսական շահերի և անվտանգության համար։

Добавить комментарий