Ադրբեջանական հերթական տեղեկատվական մանիպուլյացիան
Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ, և անցակետի ադրբեջանցի աշխատակիցները ստուգում են անցնող քաղաքացիների անձնագրերն ու մեքենաները։
Իսկ այսօր այնտեղ նաև ռենտգեն-սքաներ է տեղադրվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրանք ամերիկյան արտադրության «Smiths Detection» սարքեր են։ Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Ադրբեջանը շարունակում է վարել էթնիկ զտումների և հայատյացության ագրեսիվ քաղաքականություն, չնայած ցանկացած բեմականության՝ Ադրբեջանն ամեն պահի կարող է խոչընդոտել ցանկացած շարժ։ Սրա նպատակն է ստեղծել մի դրություն՝ ապացուցելու, թե ադրբեջանական կողմը ոչ մի արգելք չի դնում անխափան տեղաշարժի համար, մինչդեռ ոչ մի կերպ երաշխավորված չէ բնակչության անվտանգությունը։ Ադրբեջանի իրականացրած այս անօրինական քայլին հետևում է մեկ այլ անօրինական հայտարարություն։
Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն պատկանում է Կովկասյան Ալբանիային, և այն պետք է կառավարվի ալբանա-ուդի կրոնական համայնքի կողմից։
Добавить комментарий