Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում. թուրքագետ
Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի նախապայմանները սկզբում երեքն էին, հետո դարձան չորսը, հիմա էլ հինգն են. դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նշենք, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ ուղղությամբ շարժվող հայկական թռիչքների համար՝ ի պատասխան անցյալ շաբաթ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացման:
«Հայաստանն իր գոյության առաջին օրվանից հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, այժմ էլ դա շարունակվում է: Երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, հայտարարեց, որ ճանաչում է Հայաստանը՝ որպես անկախ պետություն, բայց դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում, որովհետև կան խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն: Այդ խնդիրները Թուրքիայի նախապայմաններն են, որոնք տասնամյակներ շարունակ դնում է: Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ գնալով ավելի կոշտ է դառնում: Թուրքիայի կողմից այս քաղաքականությունն անընդունելի է»,- նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Հարցին՝ արդյո՞ք սա չի հաստատում այն կասկածները, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան որպես նախապայման է դրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, թուրքագետն ասել է. «Եթե մենք հաշվի ենք առնում այն, ինչ տասնամյակներ շարունակ Թուրքիայից լսում ենք, ապա հասկանալի է, որ Թուրքիայի համար Հայաստանի կողմից որպես պատմական փաստ Ցեղասպանության ուրացումը կարևոր խնդիր է, որը Թուրքիան իր առջև դրել է: Ներկայումս Թուրքիան ոչ միայն կդնի հարց, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, այլ նաև այն, որ Հայաստանը համաձայնվի ստեղծել այսպես կոչված պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննարկի՝ Հայոց ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ. սա էլ է մեզ համար անընդունելի»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий