Իրանը և Հնդկաստանը կարող են ավելի մեծ դեր խաղալ նոր աշխարհակարգի ձևավորման գործում. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կարծում է, որ Իրանն ու Հնդկաստանը՝ որպես տարածաշրջանի երկու ազդեցիկ երկրներ, կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ նոր աշխարհակարգի ձևավորման գործում։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ռայիսին այս մասին ասել է Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Կումար Դովալի հետ հանդիպման ժամանակ։
Ռայիսին կարևորել է, որ երկու երկրներն ընդլայնեն իրենց փոխգործակցությունը՝ այն հասցնելով նոր մակարդակի։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Սամարղանդում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ իր վերջին հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ հարաբերությունները տնտեսական և առևտրային ոլորտում։
«Քանի որ աշխարհակարգն անցնում է մեծ փոփոխությունների միջով, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները, հատկապես Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը կարող են շատ ավելի արդյունավետ գործել՝ հաշվի առնելով նրանց զգալի ուժն ու ռեսուրսները»,- նկատել է Իրանի նախագահը։
Վերջինս հավելել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդումը կարող է կառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում։
Աջիթ Դովալն իր հերթին նշել է, որ աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Նրա խոսքով՝ նոր ի հայտ եկած տեխնոլոգիաները տարբեր երկրների տնտեսություններն ավելի քան երբևէ կապել են միմյանց հետ։ Նա ասել է, որ այս զարգացումների վրա դրական ազդեցություն ունենալու համար Հնդկաստանին անհրաժեշտ է խորացնել և ընդլայնել հարաբերություններն իր հարևանների, հատկապես Իրանի հետ։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունն ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերություններում առկա լարվածության ֆոնին ձգտում է իր հարաբերություններն ամրապնդել այլ տարածաշրջանների պետությունների հետ։ Այս առումով չափազանց կարևոր նշանակություն ունի նաև Հարավային Ասիայի տարածաշրջանը, որի կարևոր երկրներից մեկն էլ Հնդկաստանն է։
Հնդկաստանը ներկայումս լուրջ առաջընթաց է արձանագրում ռազմարդյունաբերության ոլորտում, որը լրջորեն հետաքրքրում է նաև Իրանին։ Միևնույն ժամանակ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմամբ Իրանը փորձում է հակակշռել տարածաշրջանում և այդ երկրում ԱՄՆ-ի ազդեցությանը։
Добавить комментарий