Ադրբեջանը ցանկանում է ազատվել Դադիվանքում գտնվող հայ հոգևորականներից
Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ Դադիվանքում գտնվող հայ վանականները պետք է լքեն համալիրի տարածքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Գուրբանլին ասել է ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում։
Վերջինս պնդել է, թե իբր «հայերը Դադիվանքի հետ որևէ առնչություն չունեն, և համալիրը պատկանում է կովկասյան ալբաններին»։ «Այն պատկանում է կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդի կրոնական համայնքի կողմից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Քարվաճառի ամբողջ շրջանը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը, ռուսական կողմի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հայ հոգևորականները կկարողանան ծառայություն իրականացնել Դադիվանքի վանական համալիրի տարածքում։
#Դետքի_հետագծով
Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակումից և այնտեղ ադրբեջանական անցակետի տեղակայումից հետո ադրբեջանական կողմն այժմ էլ ցանկանում է ազատվել հայ հոգևորականների ներկայությունից։ Սա փաստում է, որ ադրբեջանական կողմի պահանջների կատարումը ոչ միայն չի նպաստում առկա խնդիրների լուծմանը, այլև մեծացնում է թշնամու ախորժակը, և վերջինս նոր պահանջներ է ներկայացնում։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը պետական մակարդակով քաղաքականություն է իրականացնում, որի շրջանակում Արցախի օկուպացված տարածքներում առկա տարբեր հուշարձաններ ներկայացվում են որպես ռուսական կամ ալբանական, բայց ոչ երբեք հայկական։ Նման կերպ Բաքուն ցանկանում է կանխել նաև հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը։
Добавить комментарий