Опубликовано H.Andreasyan -
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը կենտրոնական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։

Միացյալ Նահանգները նշում է, որ ԼՂ բնակիչները պետք է իրենց անվտանգ զգան իրենց տանը, իսկ նրանց իրավունքները պաշտպանված լինեն, ինչը միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետդեպից ընդգծել են, որ Հայաստանին և Ադրբեջանին խնդրել են Վաշինգտոնում ընթացող բանակցությունների շրջանակում դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

«Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնագրի, որը երկարակյաց է, կայուն և խաղաղության հիմքեր է դնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցը կենտրոնական դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Ապահովելը, որպեսզի այդ բնակչությունը կարողանա իրեն անվտանգ զգալ իր տանը, և որ նրա իրավունքները պաշտպանված լինեն, միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը, որը շատ երկար է տևել և չափազանց շատ կյանքեր է խլել։ Մենք կողմերին խնդրել ենք դիտարկել, թե ինչպես լավագույնս պաշտպանել այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել են Պետդեպից։

Գերատեսչությունը նշել է, որ Միացյալ Նահանգների համար պատիվ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին, որոնք աշխատում են խաղաղության ուղղությամբ։

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի խաղաղ ապագան խթանելուն։

Պետդեպը հավելել է, որ ուղիղ երկխոսությունը մնում է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ծավալն ու բնույթը երկու կողմերի դաշտում են։

«Մեր նպատակն է ապահովել հարթակ, որտեղ կարող են անցկացվել երկկողմ քննարկումներ, իսկ կողմերը կարող են միասին կատարել իրապես ծանր աշխատանք կայուն խաղաղության հաստատման գործընթացում առաջընթաց ապահովելու համար»,- ասված է Պետդեպի պատասխանում։

Իսկ թե ինչ հարցերում կողմերի միջև համաձայնություն կլինի կամ չի լինի, Պետդեպից նշել են, որ այդ հարցը պետք է ուղղել երկու կողմերին։

 

Добавить комментарий