Ադրբեջանը տարածքային ամբողջականության հարցում Իրանից ավելի շատ աջակցություն էր ակնկալում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ ադրբեջանական կողմն իր տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի շատ ակնկալիքներ ուներ։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ալիևն ասել է օկուպացված Շուշի քաղաք կատարած այցելության ժամանակ։
Ալիևը միևնույն ժամանակ շեշտել է՝ Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով՝ պաշոնական Թեհրանը և՛ ՄԱԿ-ում, և՛ Իսլամական համագործակցության կազմակերպությունում քվեարկությունների ժամանակ միշտ քվեարկել է երկրի տարածքային ամբողջականության օգտին։
Ադրբեջանի առաջնորդը նշել է նաև, որ այսպես կոչված «օկուպացիայի ժամանակ» շատերն Իրանից ակնկալում էին նույն վերաբերմունքը, որը դրսևորեցին Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան։
«Փաստորեն, այդ երկրները երբեք դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել Հայաստանի հետ օկուպացիայի պատճառով։ Մարդիկ հավատում էին, որ ավելի բնական կլինի, որ Իրանը լինի այդ երեք երկրների շարքում և համերաշխություն ցուցաբերի»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Արցախի հարցում Ադրբեջանը մշտապես դժգոհ է եղել իրանական կողմի մոտեցումներից։ Չնայած Թեհրանը պաշտոնապես միշտ հայտարարել է և շարունակում է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն երբեք Հայաստանի հետ չի վատացրել իր հարաբերությունները և հնարավորինս, թեպետ ոչ հրապարակային կերպով, այս հարցում նույնպես փորձել է աջակցել հայկական կողմին։
Իրանի համար չափազանց շահավետ էր, որ ադրբեջանա-իրանական սահմանի 132-կիլոմետրանոց հատվածը շուրջ երեք տասնամյակ գտնվում էր Արցախի Հանրապետության կազմում, և այդ տարածքից իրենց որևէ բան չէր սպառնում, մինչդեռ հիմա այնտեղ հաստատվել է իսրայելական ներկայություն։ Հենց այս պատճառով է Ադրբեջանը մշտապես դժգոհում, որ Իրանը երբեք չի դատապարտել այսպես կոչված «ադրբեջանական տարածքների օկուպացիան»։
Добавить комментарий