Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը և Սիրիան ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մասին հուշագիր են ստորագրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ փաստաթուղթը նախատեսում է առևտրատնտեսական համագործակցության ծրագրի իրականացում,  որը նախատեսված է 20 տարվա համար: Բացի դրանից՝ կողմերի միջև ստորագրվել է շուրջ 14 համաձայնագիր, որոնք վերաբերում են ազատ առևտրի գոտիների ստեղծմանը, երկաթուղային տրանսպորտի զարգացմանը և այլ ոլորտների։

Միևնույն ժամանակ կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն նավթագազային ոլորտում։

Նշվում է, որ ավելի վաղ կայացած բանակցությունների ժամանակ Ասադն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանն ու Դամասկոսն իրենց հարաբերությունները կառուցում են տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների հիման վրա։ Նա հիշեցրել է, որ Սիրիան իրանա-իրաքյան պատերազմի տարիներին (1980-1988) աջակցել է Իրանին, իսկ Իրանը վերջին 12 տարում աջակցել է Սիրիայի ժողովրդին ահաբեկչական խմբավորումներին դիմակայելիս։

#Դետքի_հետագծով

Իրանը և Սիրիան վերջին տարիներին ամենատարբեր ոլորտներում փորձում են ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը։ Սա բխում է երկու երկրների շահերից, քանի որ Իրանը ցանկանում է չեզոքացնել իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների հետևանքները, իսկ Սիրիան՝ վերականգնել հակամարտությունից տուժած իր տնտեսությունը։

Միևնույն ժամանակ երկու երկրները տարածաշրջանում ունեն ընդհանուր թշնամի՝ հանձին Միացյալ Նահանգների, ինչն ավելի է մերձեցնում Թեհրանին և Դամասկոսին։

Добавить комментарий