Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական կայքը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում ռուս խաղաղապահների աշխատանքի պայմանները։
Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Լենցովին ընդունել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը և առկա խնդիրները խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։
Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի խստիվ պահպանման անհրաժեշտությունը և նշել Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի կարևորությունը։
Добавить комментарий