ԵՄ-ն հաստատում է Բաքվի հետ համագործակցության ամրապնդման շահագրգռվածությունը
ԵՄ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ այս ասպեկտը քննարկվել է մայիսի 3-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության չորրորդ հանդիպմանը։
Հանդիպումն անցկացվել է Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության (ESVS) գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի և Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի համանախագահությամբ։
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային անվտանգության հարցերը և ԵՄ դերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում։
Միևնույն ժամանակ, անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության, անվտանգության և ապագա հնարավոր համագործակցության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին և հիբրիդային սպառնալիքներին, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև տիեզերական գործունեությանը։
Հանդիպման մասնակիցները նշել են Ադրբեջանի՝ որպես հուսալի էներգետիկ գործընկերոջ դերը։
«ԵՄ-ն հաստատել է իր շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Ադրբեջանի հետ համագործակցությունն արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աշխատել հանուն խաղաղության, անվտանգության և կայունության, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով առաջացած միջազգային ներկայիս բարդ պայմաններում։ ԵՄ-ի հիմնական շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելն է։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին, այդ թվում՝ բրյուսելյան եռակողմ ձևաչափով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ»,- ասել է Էնրիկե Մորան։
Добавить комментарий