Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում «նշանակալի առաջընթաց են գրանցել. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ԱՄՆ-ում մի քանի օր տևած բանակցություններում շոշափելի առաջընթաց են գրանցել, և խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ Ըստ «Դետք»-ի՝ «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ Բլինքենն այս մասին ասել է Վաշինգտոնում կայացած բանակցությունների եզրափակիչ նիստում։
Բլինքենը շեշտել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է։ Նրա խոսքով՝ կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին և շոշափելի առաջընթաց են գրանցել տևական խաղաղության պայմանագրի հարցում։
«Հուսով եմ և կարծում եմ, որ ինչպես և ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի ու հասանելի համաձայնություն, որին հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից՝ շատ դրական ազդեցություն ունենալով նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն։
Մենք բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին հատելու եզրագիծը, և նորից եմ ասում, որ մենք շատ մոտ ենք դրան։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունն իրական է, և այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։
#Դետքի_հետագծով
Հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո միջազգային դերակատարները հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ընդունում են Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Այս իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ համընդհանուր պատժամիջոցներ սահմանվեցին։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցով միջնորդական նախաձեռնություններ փորձեցին իրականացնել ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն Ռուսաստանին դուրս մղելու կարգավորման գործընթացից, ինչպես նաև հասնելու Արցախից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերմանը։
Добавить комментарий