Մայիսի 9-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանն անցկացնելու է «Խարիբուլբուլ» միջազգային երաժշտական փառատոնը
Օկուպացված Շուշի քաղաքում մայիսի 9-ից 11-ը Ադրբեջանը կանցկացնի «Խարիբուլբուլ» (Xarıbülbül) միջազգային երաժշտական փառատոնը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։
Փառատոնը կազմակերպել են Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և Հեյդար Ալիևի հիմնադրամը։ Եռօրյա փառատոնի շրջանակում կլինեն համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ։ «Խարիբուլբուլ» միջազգային երաժշտական փառատոնին կմասնակցեն նաև թյուրքալեզու պետությունների և տարածաշրջանի ժողովուրդների ստեղծագործական խմբերը։
Նշենք, որ 2023 թվականին Շուշի քաղաքը Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TÜRKSOY) կողմից հռչակվել է նաև «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ Մայիսի 12-ին տեղի կունենա «Շուշի-թուրքական 2023 թվականի համաշխարհային մշակութային մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացումը։
Ադրբեջանը մշտապես շարունակել է Շուշին հայկական դիմագծից զրկելու պետական քաղաքականություն վարել։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նկրտումները հայկական մշակույթի նկատմամբ. այս երկիրը հայտնի է որպես հայկական մշակույթը ոչնչացնող կամ իրեն վերագրող պետություն։
Добавить комментарий