Опубликовано detq-editor -
Պատմական հաղթանակների եռատոնը

Պատմական հաղթանակների եռատոնը

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ, Շուշիի ազատագրում ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր: Այս երեք իրադարձությունները ձևավորել են մայիսի 9-ը որպես եռատոն նշելու ավանդույթը:  Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։

20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։ Պատմաշրջանի ռազմաքաղաքական իրադարձությունների հոլովույթում երևի թե ի վերուստ կանխորոշված զուգադիպություն էր, որ իրագործվելով 1992 թ. մայիսի 8-9-ին՝ Շուշիի ազատագրումը՝ որպես անգնահատելի և աներկբա արժեք, փաստորեն, ժամանակագրորեն ևս մեկ նշանակալի հաղթանակով համալրեց հայոց պատմական արժեհամակարգի համար խորհրդանշական մայիս ամիսը։

Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը՝ որպես ռազմավարական նշանակության խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում հարատևելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։ Արցախի ինքնապաշտպանության ուժերը նախքան այդ մի շարք հաղթանակներ էին արձանագրել ադրբեջանական գերակշիռ ու սպառազեն զորքերի դեմ՝ Քարին տակում, Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ղայբալույում, Ջանհասանում, Քոսալարում, Մալիբեյլվում, Խոջալուում և այլ բնակավայրերում։

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, այն միևնույն է հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է։

1941 թվականից մինչև 1945 թվականի մայիս հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում՝ մոտեցնելով հաղթանակը: Շուրջ 600 հազար հայորդիներ իրենց ավանդն են ունեցել՝ կռվելով Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում: 1945-ը նշանավորվեց Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների հաղթանակով: Հաղթանակի կերտմանը պատերազմական տարիներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայազգի մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովը։ Նելսոն Ստեփանյանն էլ արժանացել է Խորհրդային միության կրկնակի հերոսի կոչմանը:  

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը ևս նշվում է մայիսի 9-ին: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992 թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990 թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ:

Добавить комментарий