Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Հայաստանի ԱԳՆ-ին «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեղադրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»։ Այս մասին Հաջիզադեն գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության խոսնակը հայտնել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսպես կոչված կեղծ տեղեկություններ է տարածել Բերձորի միջանցքի փակման և Արցախի բնակչության թվաքանակի վերաբերյալ։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կեղծ լուրեր տարածել Լաչինի ճանապարհի փակման և Ղարաբաղում բնակվող հայերի թվաքանակի մասին»,- գրել է Հաջիզադեն։
Վերջինս հավելել է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող բազմաթիվ տեսանյութերում կարելի է տեսնել, թե «ինչպես են մեքենաներն անարգել անցնում Բերձորի ճանապարհով»։
Հիշեցնենք, որ այսպես կոչված ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։
Հատկանշական է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձում է տարածել այն քարոզչական դրույթը, թե իրականում Բերձորի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը չի փակվել, և իրենք Արցախի բնակչությանը թույլ են տալիս երթևեկել ճանապարհով։ Բացի դրանից՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունելուց, որ Արցախի Հանրապետությունում ներկայումս 120 հազար մարդ է բնակվում։
Добавить комментарий