Իրանական զենքը փոխում է միջազգային խաղերի արդյունքը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային հարցերով վարչության պետ Համզե Գալանդարին հայտարարել է, որ իրանական զենքը փոխում է միջազգային խաղերի արդյունքը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Գալանդարին ասել է իրանական պետական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի պաշտպանության նախարարի մասնակցությանը։
Գալանդարին ընդգծել է, որ միջազգային համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը կոալիցիաների ստեղծումն է, ինչպես նաև մասնակցությունը բազմակողմ հանդիպումներին և ձևաչափերին։ Նրա խոսքով՝ Իրանը միացել է բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք չեն հակասում երկրի սկզբունքներին։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ ՇՀԿ-ն աշխարհի ամենակարևոր և արժեքավոր կազմակերպություններից մեկն է, որն ընդգրկում է աշխարհի բնակչության շուրջ մեկ երրորդը։ Նա նշել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է երեք տեսակի չարիքի դեմ պայքարի հիման վրա՝ ահաբեկչություն, ծայրահեղականություն և անջատողականություն։
Վերջինս միևնույն ժամանակ հավելել է, որ Իրանի պաշտպանության նախարարը վերջերս կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է ծովային անվտանգության գոտի ստեղծելու ծրագիր, որի հիմնական նպատակն էր դյուրացնել առևտուրը, ինչպես նաև երկրների միջև ապրանքների արտահանումն ու ներմուծումը։ «Թվում է, թե ՆԱՏՕ-ի ներուժը նվազում է, ինչպես նաև ԱՄՆ-ի ուժը, սակայն Շանհայի համագործակցության կազմակերպությունն առաջ է շարժվում»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին լուրջ քայլեր է ձեռնարկում հայրենական սպառազինության արտադրությունը խթանելու համար։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ուներ նաև Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը երկրի համար ստեղծում է համագործակցության նոր հնարավորություններ և ձևաչափեր։
Նշենք, որ Իրանը կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով միացել էր դեռևս 2005 թվականին, իսկ լիիրավ անդամակցեց 2022 թվականին։
Добавить комментарий