Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Պաշտոնական Թեհրանը խստորեն դատապարտում է Իսրայելի ավիահարվածները Գազայի հատվածին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ կատարված ավիահարվածները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի այս արարքը, որը կատարվել է Նակբայի օրվա նախօրեին, ագրեսիվ ռեժիմի անօգնականության և թուլության նշան է՝ Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում պաղեստինցի երիտասարդների հերոսական դիմադրության դիմաց»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան պնդել է, որ այս գործողությունը նպատակ ունի շեղելու հասարակության ուշադրությունն Իսրայելում տիրող ծայրահեղ անկայուն ու լարված ներքին իրավիճակից։ Նա կարծում է, որ Պաղեստինի ժողովրդի դեմ վերջին ամիսներին Իսրայելի կողմից իրականացված ամբարտավանությունը պայմանավորված է միջազգային պատասխանատու մարմինների և արևմտյան երկրների լռությամբ ու անգործությամբ։

«Նման արձագանքը կգրանցվի մարդու իրավունքների պաշտպանության կեղծ պահանջատերերի գործողությունների պատմության մեջ»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Վերջին շրջանում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կրկին լարվել է, ինչի հետևանքով Իսրայելը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Գազայի հատվածի պաղեստինյան բնակավայրերի նկատմամբ։ Նման հարձակումները մշտապես արժանանում են իսլամադավան պետությունների խիստ քննադատությանը, որոնք կողմնակից են Պաղեստինի տարածքային ամբողջականության վերականգնմանը և երկրի օկուպացված տարածքների վերադարձին։

Добавить комментарий