Опубликовано H.Andreasyan -
Ադրբեջանի գործողության նպատակն է զրոյացնել Վաշինգտոնում եղած բանակցությունների առաջընթացը. Փաշինյան

Ադրբեջանի գործողության նպատակն է զրոյացնել Վաշինգտոնում եղած բանակցությունների առաջընթացը. Փաշինյան

Ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ Այս մասին Կառավարության նիստին ասել  է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հրետանային և ականանետային միջոցներից կրակ բացելուն:

«Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար։ Իսկ էսկալացիաներ օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին մտացածին են։ Նման տեղեկություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ «Եթե իրադրությունը սրելն Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։

Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով․ որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար։ Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, կրկնում եմ, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։

Հաջորդ նպատակը միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը։ Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է»։ 

 

Добавить комментарий