Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայի պաշտպանական ենթակառուցվածքի զարգացմանը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել սիրիական պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը: Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աշտիանին ասել է Թեհրանում սիրիական բանակի գլխավոր շտաբի պետ Աբդուլ Քարիմ Մահմուդ Իբրահիմի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Աշտիանին շեշտել է, որ երկու երկրների հարաբերություններն անցնում են իրենց պատմության լավագույն պատմական ժամանակաշրջաններից մեկը։ Անդրադառնալով Իրանի նախագահի՝ Սիրիա կատարած վերջին այցին՝ Իրանի պաշտպանության նախարարն ասել է, որ այս այցը և դրա հետ կապված պայմանավորվածությունները, ինչպես նաև այն հարցերը, որոնք նա բարձրացրել է Սիրիայի պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպումներում իրենց օրակարգում են և մշտապես վերահսկվում են։
Նա միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել տարածաշրջանի երկրների հետ Սիրիայի վերամերձեցման կապակցությամբ՝ այս իրադարձությունն անվանելով սիրիական դիմադրության հաղթանակ։ Պաշտոնյան շեշտել է, որ դա տեղի է ունենում՝ չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները ջանքեր են գործադրում, որպեսզի միջազգային ասպարեզում մեկուսացնեն Սիրիային։
Վերջինս կարևորել է նաև երկու երկրների միջև պաշտպանական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի անցկացումը։ Նա հավելել է, որ այժմ պատրաստ է օգտագործել Իրանի կարողությունները՝ հետպատերազմական Սիրիայի պաշտպանական արդյունաբերության ենթակառուցվածքները վերականգնելու և զարգացնելու համար։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ ջանքեր է գործադրում ոչ միայն Սիրիայում քաղաքական կայունության հաստատման, այլև երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Սա բխում է նաև Իրանի շահերից, քանի որ նախորդ մեկ տասնամյակում Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և իր դաշնակից պետությունների կողմից պրոքսի պատերազմ է մղվել նաև Իրանի դեմ, որը, արդեն կարող ենք փաստել, ձախողվել է։
Добавить комментарий