Սիրիական բանակը հակասիոնիստական դիմադրության կարևոր առանցք է. Իրանի ԳՇ պետ
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ սիրիական բանակը հակասիոնիստական դիմադրության կարևոր առանցք է։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բաղերին ասել է Սիրիայի գլխավոր շտաբի պետ Աբդուլ Քարիմ Մահմուդ Իբրահիմի հետ կայացած հանդիպման ընթացքում։
Բաղերին միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ շուտով կսկսվի Սիրիայի վերականգնման փուլը։ «Իհարկե, այս գործընթացը կշարունակվի, քանի որ սիրիական բանակը հակասիոնիստական դիմադրության կարևոր առանցքն է, ուստի մենք, միասին աշխատելով, կամրապնդենք այդ առանցքը և կկանգնենք սիոնիստական ռեժիմի հալածանքների դեմ»,- ասել է նա։
Աբդուլ Քարիմ Մահմուդ Իբրահիմն իր հերթին նշել է, որ Իրանի հետ համագործակցությամբ Սիրիան կարող է արագացնել իմպերիալիստական երկրների դեմ պայքարը։ Նա շեշտել է, որ երկու երկրները երկար ժամանակ համագործակցել են ի շահ երկու երկրների, և այդ համագործակցությունը կշարունակվի։
«Մենք միշտ շարունակում և ամրապնդում ենք մեր հարաբերություններն այն երկրների հետ, որոնք փորձում են ստեղծել և պահպանել բարիդրացիություն»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության շահերը համընկնում են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում, քանի որ երկու երկրներն էլ աջակցում են Պաղեստինին և թշնամի են համարում Իսրայելին։ Վերջինս, օգտվելով Սիրիայում ստեղծված անկայուն իրավիճակից, պարբերաբար հարվածներ է հասցնում այս երկրի տարածքի ուղղությամբ՝ փորձելով էլ ավելի խորացնել այնտեղ առկա ճգնաժամը։
Добавить комментарий