Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված հրապարակային քննադատությունը ոչ արդյունավետ է․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված հրապարակային քննադատությունը համարում են անարդյունավետ։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան շեշտել է, որ Հայաստանի ղեկավարության ձգտումը տարակուսանք է առաջացնում։ «Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, և ամենակարևորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլև պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է ռուս պաշտոնյան։

Վերջինս հայտնել է, որ Մոսկվան արձանագրել է մայիսի 4-ին Պրագայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է երկրում տեղակայված ԵՄ առաքելությանը։ Նա հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս և ի վիճակի է մարտահրավերներ ստեղծելու։

«Սրանից հարց է ծագում, որ միգուցե ԵՄ-ից և ՀԱՊԿ-ից  սպասումները  գերագնահատված են, և հաշվի չեն առնվում առկա իրողությունները։ Այդուհանդերձ, հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ վերսկսելու բովանդակային աշխատանքը Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Հայաստանի իշխանությունների կողմից պարբերաբար ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններ են հնչում, ինչն արժանանում է ռուսական կողմի հակազդեցությանը։ Կարծում ենք՝ չնայած այն բանին, որ ՀԱՊԿ-ը որոշակիորեն թերանում է Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարման հարցում, ամեն դեպքում Հայաստանի կողմից հրապարակային քննադատությունների հնչեցումը սխալ ճանապարհ է, քանի որ առկա խնդիրները կարելի է լուծել այլ տարբերակներով։

Միևնույն ժամանակ Հայաստանի կողմից չափազանց անհեռատես քայլ կլինի առկա անվտանգային համակարգի քայքայումն առանց այլ համակարգով այն փոխարինելու իրական հնարավորության։

Добавить комментарий