Опубликовано H.Andreasyan -
Ադրբեջանը «Google» քարտեզներում փոխում է Հայաստանի աշխարհագրական տեղանունները․ Արման Թաթոյան

Ադրբեջանը «Google» քարտեզներում փոխում է Հայաստանի աշխարհագրական տեղանունները․ Արման Թաթոյան

«Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաև կապն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այն վայրագությունների միջև, որ տեղի են ունենում. հատկապես շեշտադրումն արել ենք 2022-ի սեպտեմբերի 13-14-ի հարձակումների վրա»,- մայիսի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն խաղաղության որևէ մտադրություն: Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու նպատակ ունի. առաջինը՝ իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց է: Երկրորդը՝ նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում:

Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով և անգամ խոշտանգելիս օգտագործում են նույն բառերը»,- ասել է Թաթոյանը:

Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացվել են հայկական Սփյուռքին թիրախավորելու շեշտադրումները:

Նա նշել է, որ այս ապացույցները ցույց են տալիս, որ Արցախի և Հայաստանի միջև չկա տարանջատում, Ադրբեջանի նպատակը, թիրախն առհասարակ հայկականությունն է. «Եթե նրանք անգամ մի պահ որոշում են առանձնացնել Արցախը, դա չի նշանակում, որ Հայաստանը թիրախի տակ չեն պահում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում՝ ժամանակակից  տեխնոլոգիաները: Օրինակ՝ «Google» քարտեզներում կազմակերպված ձևով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները: Մենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա ևս օկուպացիայի օրինակ է․ փորձում են դրանով կարծրատիպ ձևավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հող է: Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է և Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձևով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»:

 

Добавить комментарий