Опубликовано detq-editor -
Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախն արդեն անկախ էր

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախն արդեն անկախ էր

Բրյուսելում կայացած Փաշինյան-Միլել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո կրկին շահարկվեց 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրված Ալմա-Աթայի հռչակագիրը։

Շառլ Միշելն իր հայտարարության մեջ նշել է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Այս փաստաթղթի մասին հիշատակվել է նաև 2022 թ. հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին, որում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Օրեր անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների հիման վրա, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշնակորեն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր հանդիսանում։ Դա հաստատվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ պարոն Միշելի կողմից՝ առանց որեւէ վերապահումների, եւ դա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին։ Ուստի, երբ այս պայմանավորվածությունը ստորագրելուց հետո մեր հայ գործընկերները մեզ ասում են. «Թող Ռուսաստանը հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ թե բանակցություններ վարելու, այլ բոլորովին այլ օպերայից է»:

Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագիրը:

Ալմա Աթայի հռչակագիրն ամենևին չի կարող լինել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու և դա ճանաչելու մասին, որովհետև Արցախն իր անկախության մասին հանրաքվեն իրականացրել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ վերը նշված  հռչակագիրը ստորագրվել է դեկտեմբերի 21-ին: Այսինքն՝ հռչակագրի ստորագրման պահին Արցախն արդեն անկախ էր:

Արցախը ԽՍՀՄ օրենսդրության համաձայն՝ ինչը պահանջվում էր այդ շրջանում, իրացրել է միութենական ինքնավար սուբյեկտի իր իրավունքը, միաժամանակ նաև ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը՝ որն ի դեպ ավելի ուշ հաստատվել է Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի վճռով, և անցկացրել անկախության հանրաքվե:

Ավելին, Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրին միացել է ոչ թե հենց 1991 թվականին, այլ դրանից երկու տարի անց՝ 1993-ին, երբ փաստացի պատերազմ էր հայտարարել Արցախին: Միևնույն ժամանակ արդեն իսկ ձևավորվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափ ԵԱՀԽ ներքո, որը 1994 թվականից դարձավ ԵԱՀԿ:

Այդպիսով, եթե 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը Ադրբեջանի խորհրդային սահմանների մասին է, ապա՝ նաև Լեռնային Ղարաբաղի՝ այդ սահմաններից դուրս լինելու մասին, քանի որ Արցախն այդ գործընթացը իրականացրել է նույն ԽՍՀՄ օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան:

Մեկ հանգամանք ևս. եթե գոյություն ուներ ԱՊՀ պետությունների միջև 1991 թ. հռչակագիրը և այն կարող էր միմյանց սահմանները ճանաչելու հիմք դառնալ, ապա ինչ հիմքով է 2017 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ–ն ընդունել միջպետական սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը վերաբերող նոր փաստաթուղթը:

Добавить комментарий