ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը ներառված է խաղաղության պայմանագրում. փոխարտգործնախարար
«Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը բաժանված չէ ընդհանուր հարցից, այդ հարցը ներառված է և՛ խաղաղության պայմանագրում, և՛ այլ գործընթացներում, որոնք ընթանում են»,- լրագրողների հետ զրույցում մայիսի 15-ին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրում կան դրույթներ թե՛ սահմանազատման, թե՛ ճանապարհների (ապաշրջափակման - խմբ.) մասով։
Նա պարզաբանել է, որ պայմանագիրը ներառում է սկզբունքներ, որոնց հիմքի վրա փորձ է արվելու խաղաղություն հաստատել, ուստի այդ հարցերը միմյանցից առանձնացնելը, ըստ նրա, անհնար է։
Հովհաննիսյանն ավելացրել է, որ ամենակարևոր և զգայուն հարցերից մեկը պայմանագրի իրականացումն ապահովելն է։
«Մեր կարմիր գծերից մեկն այն է, որ երկաթուղին հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակում պետք է գործի բացառապես Հայաստանի օրենսդրության շրջանակում։ Միայն այս հարցի վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալուց հետո կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին»,- ընդգծել է փոխնախարարը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, և շուտով հանդիպում կկայանա Մոսկվայում, այս հարցը քննարկվում է և առանձին ձևաչափով։
«Բոլոր հարցերի շուրջ ջանքերը գործադրվում են զուգահեռաբար, դրանք միմյանցից առանձին բանակցություններ չեն։ Նպատակն այն է, որ մեր տարածաշրջանում ապահովվի խաղաղ գործընթացը»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Добавить комментарий