Опубликовано H.Andreasyan -
ԵՄ առաքելությունն իր գնահատականը տվել է և ուղարկել Բրյուսել. ԵՄ դեսպանը՝ Սոթքի դեպքերի մասին

ԵՄ առաքելությունն իր գնահատականը տվել է և ուղարկել Բրյուսել. ԵՄ դեսպանը՝ Սոթքի դեպքերի մասին

«Թեև ԵՄ քաղաքացիական առաքելությունը Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ հենց տեղում չի եղել, սակայն ավելի ուշ դիտորդները գնացել են այնտեղ, գնահատականներ տվել ու ուղարկել ուղիղ Բրյուսել»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք հաշվետվություն ԵՄ առաքելությունից ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ:

Նա նշել է, որ առաքելությունը զեկույցները չի տրամադրում ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին:

«Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք (դիտորդները) տեսնում: Բնական է, որ նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի նրանք կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ դիտորդները չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։

Իսկ ինչ վերաբերում է Սոթքի իրադարձություններին, նա ասել է, որ ԵՄ դիտորդները ներկա չեն եղել վերջին ներխուժման և բախումների ժամանակ․   «Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջը, բայց դա չի նշանակում, որ նրանք ավտոմատ  կարող են լինել հենց այն վայրում, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի ունենում»։      

Անդրադառնալով հարցին՝ չպե՞տք է դիտորդները գնային այնտեղ, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել, Վիկտորինն ասել է, որ նրանք ավելի ուշ՝ դեպքերից հետո,  այդ հնարավորությունը ստացել են: Նա հավելել է, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության ապահովման համար:

«Նրանք գնացել են, իրենց գնահատականը տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել»,- ասել է դեսպանը:

Մայիսի 12-ի Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի  և Կութի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ և ԱԹՍ-ներ։ Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ:

Добавить комментарий