Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը և Սաուդյան Արաբիան շարունակում են հարաբերությունների կարգավորման գործընթացը

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան շարունակում են հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի շրջանակում հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Պեկինում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների կատարումը։ Պաշտոնյաները գոհունակություն են հայտնել վերջին պայմանավորվածությունների կապակցությամբ, այդ թվում՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման, տեխնիկական խմբերի փոխադարձ այցելությունների կապակցությամբ։

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև դեսպանատների և հյուպատոսությունների աշխատանքը վերսկսելու հարցերը։ «Իսլամական Հանրապետությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ Սաուդյան Արաբիայում պաշտոնապես քաղաքական և հյուպատոսական գրասենյակ բացելու համար»,-  ասել է Աբդոլլահիանը։

Վերջինս հավելել է, որ երկու երկրների արտգործնախարարների և պաշտոնյաների հանդիպումը համագործակցության ու հարաբերությունների հաստատման ամուր կամքի նշան է։

#Դետքի_հետագծով

Չինաստանի միջնորդությամբ դեռևս այս տարվա մարտին Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության եկան երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում, որոնք խզված էին դեռևս 2016 թվականին։ Միջնորդական նման ջանքերով Պեկինը նախևառաջ հակակշռում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցությունը, որը փորձում էր ամեն կերպ թույլ չտալ Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունների կարգավորումը։

Добавить комментарий