ԻՀՊԿ-ի նավատորմը լիովին վերահսկում է Պարսից ծոցը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերն այսօր գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա և լիովին վերահսկում են Պարսից ծոցը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Թանգսիրին շեշտել է, որ Պարսից ծոցում թշնամական նավերի տեղաշարժը մշտապես գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հսկողության ներքո։ Նրա խոսքով՝ ներկայումս Պարսից ծոցը լիովին անվտանգ է։
Վերջինս հայտնել է, որ Իրանում մշակվում և արտադրվում է առաջադեմ ռազմական տեխնիկա։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանն այս հարցում զգալի առաջընթաց է արձանագրել։
«Նման տեխնիկայով ու մարտունակ ուժերով Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի մարտունակության մակարդակն օրեցօր բարձրանում է»,- եզրափակել է Թանգսիրին։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար քայլեր է ձեռնարկում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար և ստիպում մի շարք ազդեցիկ երկրների ընդունել տարածաշրջանում Թեհրանի գերակայությունը։ Միևնույն ժամանակ Պարսից ծոցի տարածաշրջանը չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի համար, որտեղ փորձում է իր ազդեցությունը հաստատել նաև Իրանի գլխավոր հակառակորդ Միացյալ Նահանգները։
Добавить комментарий