Опубликовано detq-admin -
DETQ

Ռայիսին Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման մասին համաձայնագիրը ռազմավարական քայլ է որակում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման մասին համաձայնագիրը կարևոր և ռազմավարական քայլ է ռուս-իրանական հարաբերություններում։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի նախագահն այս մասին ասել է համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։

Ռայիսին իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը միջոցառմանը մասնակցել է տեսակապի միջոցով։ Նա շեշտել է, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն օգտակար կլինի ոչ միայն Իրանին և Ռուսաստանին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին։

«Արևելյան և Հարավային Ասիայից դեպի Կովկաս և Հյուսիսային Եվրոպա տանող երթուղին լինելու է այս բոլոր երկրների միջև բարեկամության, սիներգիայի և առևտրատնտեսական համագործակցության դրսևորում»,- կարծում է Իսլամական Հանրապետության նախագահը։

Ռայիսիի համոզմամբ՝ բոլորը գիտեն, որ Իրանի երթուղին ամենաէժան և ամենամոտ ճանապարհն է առևտրային, տնտեսական և տարանցիկ աշխատանքների համար։

«Մենք ունենք մեծ տնտեսական ներուժ, որը դեռ ամբողջությամբ չի օգտագործվել, մենք պետք է օգտագործենք բոլոր ուժերը, միջոցներն ու հնարավորությունները, որպեսզի այդ բոլոր նախագծերը կյանքի կոչվեն»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի տեսանկյունից նույնպես Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծումը կարևոր նշանակություն ունի, քանի որ այս կերպ երկիրը որոշ չափով փորձում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացմամբ Իսլամական Հանրապետությունը ձգտում է տարածաշրջանում հակակշռել Միացյալ Նահանգներին։

Добавить комментарий