««Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին». թուրք պատգամավոր
Թուրքիայի մեջլիսի նախագահ, «Գորշ գայլերի» քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Քամիլ Այդընը հայտարարել է, որ եթե Հայաստանը մտածում է իր բարօրության մասին, ապա պետք է ակտիվ լինի դիվանագիտական բանակցություններում: Այս մասին թուրք պատգամավորն ասել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Այդընը շեշտել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին։ Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից ամենաշատ օգուտ ու ներդրումներ կստանա Հայաստանը։
Վերջինս նաև պնդել է, որ Հայաստանը «հայկական սփյուռքի և իմպերիալիստական արևմտյան պետությունների ազդեցության տակ սխալ քայլեր է ձեռնարկում», որոնք վնասում են իրեն։ Նա նշել է, որ «Հայաստանն իր պատմությունից դասեր չի քաղել»։
«Այն, որ Հայաստանը դիվանագիտական բանակցությունների չի գնում, հստակ վկայում է, որ նա դեռ դասեր չի քաղել պատմությունից»,- եզրափակել է նա։
Добавить комментарий