ԱՄՆ-ում նախագիծ են պատրաստում ռուս-իրանական համագործակցությանը դիմակայելու համար
Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը մտադիր է ներկայացնել օրինագիծ, որն ուղղված կլինի պատժամիջոցների ճանապարհով ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցությանը դիմակայելուն։ Ըստ «Դետք»-ի՝ «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ այս մասին Քրուզն ասել է Վաշինգտոնի Հուդզոնի ինստիտուտում ունեցած ելույթում։
Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը մասշտաբային է, այն խորանում է, իսկ Բայդենի վարչակազմն անգամ չի փորձում դիմակայել դրան։
«Ահա թե ինչու ես հիմա աշխատում եմ, որպեսզի ապահովեմ այն օրինագծի աջակցությունը, որը կպարտավորեցնի Բայդենի վարչակազմին դիմակայել Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը մի շարք ուղղություններում»,- ասել է նա։
Քրուզի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է պատժամիջոցների կիրառում այն բանկերի, նավթային լցանավերի, ինքնաթիռների, օդանավակայանների, նավերի և նավաշինարանների հանդեպ, որոնք Ռուսաստանը և Իրանն իբր օգտագործում են ռազմատեխնիկական համագործակցության մեջ։ Վերջինս հավելել է, որ օրինագիծն ուղղված է միլիարդավոր դոլարների արգելափակմանը, որոնք Իրանն ունի արտասահմանում։
#Դետքի_հետագծով
Միացյալ Նահանգներին անշուշտ անհանգստացնում է ռուս-իրանական համագործակցության խորացումը, և ամերիկյան կողմը հստակ քայլեր է ձեռնարկում, որպեսզի սահմանափակի այն։ Ռուսաստանը և Իրանն ամեն կերպ խորացնում են երկկողմ փոխգործակցությունը, ինչը նրանց թույլ է տալիս չեզոքացնել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները։
Добавить комментарий