Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Իրաքի քուրդ անջատողականներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուհամմեդ Փաքփուրը հայտարարել է, որ եթե Իրաքի կառավարությունն արդյունավետ քայլեր չձեռնարկի երկրի հյուսիսում առկա անջատողականության սպառնալիքը վերացնելու համար, ապա իրանական բանակը կվերսկսի հարձակումներն այդ տարածքների վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Փաքփուրը հիշեցրել է, որ  ըստ միջկառավարական համաձայնագրի՝ պաշտոնական Բաղդադը պարտավորվել է «պայքարել ահաբեկիչների դեմ, զինաթափել նրանց և վտարել Իրաքից»։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին իրանական բանակը մի շարք հարվածներ է հասցրել քուրդ անջատողականներին։ 

«Անցյալ տարվա սեպտեմբերին իրանական բանակը մի շարք ճշգրիտ հարվածներ է հասցրել Իրանում արգելված կառույցներին, այդ թվում՝ «Կոմելե» կազմակերպությանը և Իրաքի քրդական Դեմոկրատական ​​կուսակցությանը: Օգտագործվել են ինչպես հրթիռներ, այնպես էլ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր»,- ասել է նա։

Նշենք, որ իրանական կողմը մեղադրում է այս կազմակերպություններին Իրանում իրավիճակն ապակայունացնելու և Իրանի սահմաններ զինված խմբեր տեղափոխելու մեջ։

#Դետքի_հետագծով

Իրաքի քուրդ անջատողականների թեման Իրանում չափազանց զգայուն է, քանի որ վերջիններս սպառնում են Իրանի սահմանների անվտանգությանը։ Միևնույն ժամանակ այս ուժերի հետ ակտիվորեն համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որն Իսլամական Հանրապետության գլխավոր հակառակորդն է։

Добавить комментарий