Ասադը հայտնել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության և բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Ասադն ասել է Արաբական լիգայի գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում։
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ արաբական երկրները պատմական հնարավորություն ունեն վերադասավորելու իրենց գործերը նվազագույն չափով արտաքին միջամտությամբ։ Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունը կընդլայնվի։
«Հուսով եմ, որ դա նշանավորում է արաբական գործողությունների նոր փուլի սկիզբը մեր միջև համերաշխության, մեր տարածաշրջանում խաղաղության, պատերազմի և ավերածությունների փոխարեն զարգացման և բարգավաճման համար»,- ասել է նա։
Սիրիայի նախագահը նշել է, որ Դամասկոսի և արաբական այլ պետությունների միջև վերջին տասնամյակում առաջացած ճեղքերը պետք է վերացվեն։ Ըստ նրա՝ ժողովուրդներին պետք է թույլ տալ տնօրինել իրենց ներքին գործերը և խուսափել արտաքին միջամտությունից:
Հիշեցնենք, որ Արաբական լիգան կասեցրեց Սիրիայի անդամակցությունը 2011 թվականի նոյեմբերին, երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ մեկնարկեց: Սիրիան, լինելով Արաբական լիգայի հիմնադիր վեց անդամներից մեկը, դատապարտեց այդ քայլը՝ այն որակելով որպես «անօրինական և կազմակերպության կանոնադրության խախտում»:
#Դետքի_հետագծով
Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա չափազանց կարևոր նշանակություն ունի այդ երկրի միջազգային մեկուսացմանը վերջ տալու տեսանկյունից։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից լիգայի անդամ երկրների նկատմամբ գործադրվող ճնշումների պայմաններում։ Արաբական երկրների լիգայի 22 անդամ երկրներից որոշմանն աջակցել են 13-ը։
Добавить комментарий