Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Հուլուսի Աքարը հայտնել է, որ ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայից Սիրիա 80 հազար փախստական է վերադարձել 

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ երկրում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել շուրջ 80 հազար փախստական։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ թուրքական զինված ուժերը շուրջօրյա կերպով վերահսկում է երկրի սահմանները։ Նրա խոսքով՝ թուրք-սիրիական սահմանը հագեցած է մոդուլային պատով, փշալարերով պարիսպներով, խրամատներով, դիտաշտարակներով՝ հագեցած ցերեկային և գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև ձայնային սենսորներով։

«Այս ամենը կարելի է վերահսկել Անկարայի օպերատիվ կենտրոնից։ Նախորդ հինգ տարիների ընթացքում կանխվել է ավելի քան 3 միլիոն ապօրինի սահմանահատում»,- ասել է նա։

Աքարը նկատել է, որ 2016 թվականից ի վեր շուրջ 1 միլիոն սիրիացի տեղափոխվել է Սիրիայի հյուսիսային շրջաններ, որոնք ներկայումս գտվում են Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նա պնդել է, որ թուրքական կողմն այժմ Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ձգտում է կարգավորել կյանքի պայմանները։ 

#Դետքի_հետագծով

Թուրքիայում գտնվող փախստականների հարցը վերջին օրերին շահարկման առարկա է դարձել երկրի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ ընդդիմադիր գործիչները փորձում են ստանալ այն քաղաքացիների քվեները, որոնք դժգոհ են փախստականների ներկայությունից։

Добавить комментарий