Իրանի նախագահն ընդգծել է հարևան երկրների հետ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է ակտիվացնել հարաբերությունները մուսուլմանական և հարևան երկրների, ինչպես նաև բարեկամ այլ պետությունների հետ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ռայիսին շեշտել է, որ ոչ միայն Իրանի արտաքին գործերի նախարարությունը, այլև կառավարության բոլոր գործադիր մարմինները պետք է լրջորեն զբաղվեն բարեկամ երկրների հետ կապերի ընդլայնման հարցով։
Իրանի նախագահի խոսքով՝ երկրի հարաբերությունները թիրախային երկրների հետ զգալիորեն բարելավվել են երկու տարուց պակաս ժամանակահատվածում: Նա միևնույն ժամանակ ակնկալում է, որ այդ հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն՝ հաշվի առնելով առկա ներուժը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նույնպես ընդգծել էր հարևան պետությունների հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը։ Սա պայմանավորված է նաև երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով, որոնց հետևանքները Թեհրանը փորձում է վերացնել հարաբերություններն այլ երկրների հետ խորացնելով։
Добавить комментарий