Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի անկլավների մասին
«Հայաստանի և Ադրբեջանի անկլավների թեման գոյություն է ունեցել միշտ ու վաղուց»,- հայտարարել է Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ նշելով, որ հարցն ունի իրավական և քաղաքական կողմ:
Նա հիշեցրել է՝ անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել շատ վաղուց, այդ թվում` 1999 թ. տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ: Ըստ վարչապետի՝ այն իրավիճակում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 29.8 հազար և 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, հարց է առաջ գալիս, թե ինչպես է լուծվելու անկլավների հարցը:
Նա ասել է, որ Մյունխենում և Բրյուսելում քաղաքական մասով եղել է հետևյալ խոսակցությունը. «Մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, որ կա Արծվաշեն, որ պատկանում է, պատկանել է ՀՀ-ին, և անկլավներ, որ հիմա Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին: Այո՛, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք: Եվ ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք՝ առնվազն մի քանիսի հետ կապված»:
Վարչապետը նշել է, որ խնդիրը լուծելու երկու տարբերակ կա. «Որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ գտնվող տարածքում»:
ՀՀ վարչապետը նաև նկատել է, որ եթե, ենթադրենք, հայկական կողմն ասի՝ Արծվաշենը չենք ուզում, մյուսները թող մնան մեր տարածքում, իրավական խնդիր կառաջանա, ուստի այս մասով քննարկումները դեռ շարունակվում են: Վարչապետը նաև ասել է, որ այս մասով որևէ բան որոշված չէ, վերջնական համաձայնեցում չկա, եթե կլինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, կտեղեկացնի:
Добавить комментарий