Հայաստանում առաջին անգամ ավիամոդելային փառատոն կանցկացվի․ վայրն ու ժամը հայտնի է
Հայաստանում առաջին անգամ ավիամոդելային փառատոն կանցկացվի։ Նախաձեռնության հեղինակը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան նորաստեղծ ավիամոդելավորման դպրոցն է։ Փառատոնը կանցկացվի Արզնի օդանավակայանում, մայիսի 27-ին և նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը։
Կազմակերպիչների խոսքով՝ ծրագիրն բավականին հագեցած է լինելու․ նախատեսվում են «СУ 30» ինքնաթիռի ցուցադրական թռիչք, կոորդային օդային մենամարտ՝ պրոֆեսիոնալ ավիամոդելիստների մասնակցությամբ, ռադիոկառավարվող մոդելների ցուցադրություն, դրոնի ցուցադրական թռիչք և այլն։
Մասնակիցների թվով, աշխարհագրությամբ ու տարիքային խմբերի ներգրավվածությամբ փառատոնը եզակի է ու միտում ունի վերածվելու միջազգային փառատոնի։
Ավիամոդելիստ Կարեն Գուլգուլյանը, որն այս ոլորտում է դեռևս դպրոցական տարիներից, «Դետք»-ի հետ զրույցում շեշտում է՝ Հայաստանում կա ոլորտի զարգացման թե՛ անհրաժեշտությունը, թե՛ ներուժը․ մնում է կարևորությունը հասկացվի ու աճող սերնդի մեջ հետաքրքրություն սերմանվի։
Ոլորտը զարգացնելու համար Կարենը նաև ֆեյսբուքյան «avioclub» էջն է բացել և փորձում է ոլորտով հետաքրքրված մարդկանց կապել միմյանց հետ։
«Հայաստանում այս ոլորտը նոր չէ, բայց դեռ շատ տաարծված էլի չի։ Տարբեր խմբակներ են գործում, որտեղ երեխաներին սովորեցնում են ավիամոդելների կիրառման ոլորտային նշանակությունից, նախագծումից միչև ստեղծում ։ Ինքս դպրոցական տարիքից հաճախել եմ նման խմբակ, իսկ բանակից հետո արդեն ավելի լրջորեն սկսեցի զբաղվել այս գործով։ Ավիամոդելավորումը, առհասարակ, տարբեր ոլորտների հետ է առնչվում ու օգնում է, այսպես ասած, քթածակ զարգացնել»,-ասում է Կարենը։
Փառատոնը ոչ միայն հետաքրքիր ժամանց կապահովի ավիամոդելիստների, ոլորտով հետաքրքրված մարդկանց համար, այլև ոլորտում զբաղված մարդկանց, խմբերին հնարավորություն կտա ճանաչել միմյանց, կապեր հաստատել, որոշ դեպքերում նաև՝ նոր համագործակցությունների հիմք դնել։
Միջոցառումը լինելու է բաց, բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել փառատոնին։ Ցուցադրական հատվածում ներկայացվելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, ինչպես նաև՝ Արմաթ ինժեներական լաբորատորիաների, Ինժեներական քաղաքի և Հայաստանի ԴՈՍԱԱՖ կազմակերպության տաղավարները։
Ներկայացված կլինեն նաև շուրջ 40 սպորտային ու սիրողական ավիամոդելներ։
Добавить комментарий