Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Բելառուսը և ՌԴ-ն Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին փաստաթուղթ են ստորագրել

Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանման կարգը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ըստ Բելառուսի պաշտպանական գերատեսչության՝ հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանման կարգը։

Վիկտոր Խրենինը հայտնել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում զորքերի տարածաշրջանային խմբավորումը համալրվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգով և «Ս-400» ՀՕՊ համակարգերով, ինչպես նաև վերազինվել են «Սու-25» ինքնաթիռները։ Նրա խոսքով՝ սա արդյունավետ պատասխան է Բելառուսի համար՝ «ոչ բարեկամ երկրների ագրեսիվ քաղաքականության դեմ պայքարում»։

Սերգեյ Շոյգուն իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների ակտիվությունը Ռուսաստանին և Բելառուսին ստիպում է քայլեր ձեռնարկել։

«Սպառնալիքների ծայրահեղ կտրուկ սրման և համատեղ միջուկային առաքելությունների գործունեության համատեքստում ՆԱՏՕ-ն ստիպված է պատասխան միջոցներ ձեռնարկել ռազմամիջուկային ոլորտում: Մեր գերագույն հրամանատարների որոշմամբ՝ աշխատանքներ են կազմակերպվել ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելու ուղղությամբ»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով
Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին որոշումը կայացվել է դեռևս այս տարվա մարտին՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ։ Այս որոշումն ուղղված է նախևառաջ Բելառուսի տարածքի պաշտպանությանը, որը Ռուսաստանի հետ միութենական պետություն է ստեղծել և պարբերաբար խորացնում է այդ ինտեգրացիան։

Добавить комментарий