Իրանը և Օմանը համագործակցության համաձայնագրեր են ստորագրել
Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիքն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որի շրջանակում երկու երկրների պաշտոնատար անձանց միջև ստորագրվել է համագործակցության չորս փաստաթուղթ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ստորագրված փաստաթղթերը վերաբերել են տնտեսական ու ներդրումային, էներգետիկայի և ազատ գոտիների ոլորտներում համագործակցությանը։
Բացի դրանից՝ Իրանի նավթի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, Ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն ու Օմանի էներգետիկայի, էկոնոմիկայի և առևտրի նախարարները ստորագրել են համագործակցության փաստաթղթեր։ Այս փաստաթղթերն ուղղված են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը։
Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաև Իրանի և Օմանի միջև համատեղ ներդրումային կոմիտեի ստեղծման համաձայնագրի ստորագրման մասին։
#Դետքի_հետագծով
Հատկանշական է, որ սա Օմանի սուլթանի առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն այն բանից հետո, երբ վերջինս 2020 թվականին գահ է բարձրացել։ Իրանն Օմանի հետ համագործակցության խորացումը կարևորում է այն պատճառով, որ վերջինս Պարսից ծոցի տարածաշրջանի երկիր է, որն Իրանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։
Добавить комментарий