Թուրքիայում համապետական ընտրությունները կանցկացվեն մայիսին
Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին։ Ինչպես հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Բուրսայում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը գոհունակություն է հայտնել երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորության համար։ Նրա խոսքով՝ երիտասարդները Թուրքիայի պետության և ժողովրդի հույսն են։
Թուրքիայի առաջնորդը շեշտել է, որ երկրի համար շատ կարևոր է շարունակել զարգացնել իր հաջողություններն ու առաջընթացը։ Այս համատեքստում նա թուրք երիտասարդներին, որոնք այս ընտրություններին առաջին անգամ են քվեարկելու, խորհուրդ է տվել մայիսի 14-ին ճիշտ ընտրություն կատարել։
Էրդողանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երիտասարդներից իր ակնկալիքները հիմնված են այն բանի վրա, որ նրանք աշխարհը և երկիրը տեսնում են լավագույն լույսի ներքո։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին։ Ընտրությունները մայիսին անցկացնելու որոշման համար որպես հիմնավորում նշվում է, որ հունիսին ուսումնական հաստատություններում քննական շրջան է, գյուղական բնակավայրերում էլ ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվում, որոնք կարող են ազդել մասնակցության ցուցանիշի վրա։ Սակայն մի շարք փորձագետներ պնդում են, որ Էրդողանն այս քայլով փորձում է ընդդիմությանը զրկել ընտրություններին լավ նախապատրաստվելու հնարավորությունից։
Добавить комментарий