Իրանի օդային տարածքի խախտումը լուրջ հետևանքներ է ունենում. իրանցի գեներալ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության պետի տեղակալ Ալիռեզա Էլհամին հայտարարել է, որ օդային տարածքի խախտումը լուրջ հետևանքների է հանգեցնում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ալիռեզա Էլհամին այցելել է հակաօդային պաշտպանության գոտու տարբեր հատվածներ և գնահատել դրա մարտունակությունն ու պաշտպանունակությունը։ Նա ՀՕՊ հրամանատարներին ու աշխատակիցներին ասել է, որ իրանական բանակը նշանակալի ձեռքբերումներ ունի հակաօդային պաշտպանության համակարգերի մշակման և արտադրության մեջ, իսկ հեռահար և ճշգրիտ հրթիռների արտադրությունը լուրջ սպառնալիք է թշնամիների համար։
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարի տեղակալն ընդգծել է, որ հրթիռային և ռադիոտեղորոշիչ համակարգերի կարողությունը երկրի ռազմական քաղաքականության կարևորագույն ռազմավարական առանցքներից է՝ թշնամիների հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։
Վերջինս հավելել է, որ ավելի քան 300 կմ հեռահարությամբ և ավելի քան 2000 կմ հեռավորության վրա հայտնաբերող առավել առաջադեմ ռադարային ու հրթիռային համակարգերը գտնվում են ՀՕՊ տարբեր հատվածների և խմբերի օպերատիվ գոտում։ Նա նաև ասել է, որ ՀՕՊ համակարգերի արդիականացումն իրականացվում է ազգային շահերի հիման վրա։
#Դետքի_ հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է իր օդային սահմանների պաշտպանությունը, քանի որ դրանք ցանկացած պահի կարող են խախտվել երկրի թշնամիների կողմից։ Միևնույն ժամանակ իրանական կողմը սահմանների պաշտպանությունը փորձում է իրականացնել հիմնականում իրանական արտադրության սպառազինության կիրառմամբ։
Добавить комментарий