Իրանը Պարսից ծոցում համարվում է անվտանգության տեղայնացման ռազմավարության առաջատարը
Արտաքին քաղաքականության հարցերով իրանցի փորձագետ Հասան Հանիզադեն հայտարարել է, որ Իրանը համարվում է Պարսից ծոցի անվտանգության տեղայնացման ռազմավարության առաջատարը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Փորձագետի համոզմամբ՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Օմանը հասել են այն կարևոր եզրակացության, որ առանց Իրանի հետ համագործակցության հնարավոր չէ անվտանգություն հաստատել Պարսից ծոցում: Նրա խոսքով՝ Պարսից ծոցի անվտանգության երաշխավորման ոլորտում անհրաժեշտ է համագործակցել Իրանի հետ։
«Պարսից ծոցի անվտանգության տեղայնացման ռազմավարությունը լիովին ռազմավարական և տրամաբանական քայլ է, որը նվազեցնում է տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունը»,- ասել է նա։
Անդրադառնալով Պարսից ծոցում նավագնացության անվտանգության պահպանման ու երաշխավորման նպատակով Իրանի, Օմանի և Սաուդյան Արաբիայի համատեղ ռազմածովային ուժերի ստեղծմանը՝ Հանիզադեն շեշտել է, որ այս երկրներն Իրանի համագործակցությամբ փորձում են տեղայնացնել Պարսից ծոցի երկու կողմի երկրների տարածաշրջանային քաղաքականությունը։
Հանիզադեն հավելել է, որ ԱՄՆ-ի և արտատարածաշրջանային այլ դերակատարների հեռանալը կնվազեցնի տարածաշրջանում առկա անջրպետն ու լարվածությունը և կբարելավի անվտանգությունը։ Նա ասել է, որ տարածաշրջանը կարիք ունի մերձեցման և համատեղ զսպող ուժերի ձևավորման:
#Դետքի_հետագծով
Պարսից ծոցը և դրա կարևորությունը արտատարածաշրջանային ուժերին ստիպել են ամեն գնով ներկայություն հաստատել տարածաշրջանում։ Սա անշուշտ առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը, որն ամեն կերպ փորձում է այդ ուժերին հեռացնել իր համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանից։
Добавить комментарий