Պաշտոնական Թեհրանը դատապարտում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը, որով Բաքուն իր քաղաքացիներին կոչ էր արել առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
Քանաանին շեշտել է, որ սա նույն քաղաքականությունն է, որ որդեգրել էր կեղծ, մանկասպան և զավթիչ իսրայելական վարչակազմի ղեկավարը Բաքու կատարած իր վերջին այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը ոչ թե քաղաքակիրթ իսլամական Իրանից պետք է վախենա, այլ սիոնիստական վարչակազմից (նկատի ունի Իսրայելին - խմբ․)։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունները շարունակում են մնալ Իրանի առաջնահերթությունը։ Նա հավելել է, որ «ազատ վիզային ռեժիմն ադրբեջանցի եղբայրների և քույրերի համար շարունակում է ուժի մեջ մնալ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շաբաթ՝ հունիսի 3-ին, դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել Իրան այցելություններից, եթե հրատապ անհրաժեշտություն չկա։ Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Իրանին՝ Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալության հետ կապված, որին իրանական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ։
#Դետքի_հետագծով
Իրանի և Ադրբեջանի միջև այս տարվա սկզբից առկա լարվածությունը շարունակվում է, որի ներկայիս փուլին նպաստեց նաև մայիսի 30-ին Իսրայելի նախագահի՝ Բաքու կատարած այցը։ Իրանն ամեն կերպ փորձում է ավելի չլարել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչպես նաև կարգավորել դրանք, սակայն ադրբեջանական կողմը չի արձագանքում Թեհրանի քայլերին։
Добавить комментарий