Опубликовано H.Andreasyan -
ԱԺ նախագահը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր

ԱԺ նախագահը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է:

Ինչպես «Դետք»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը և մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր: Նա նշել է, որ Հայաստանում հետևում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին և բոլոր այն խորհրդարանականների գործունեությանը, որոնք ի ցույց դրեցին 2020 թվականի պատերազմից հետո այս տարածաշրջանում իրավիճակի ընկալման մակարդակը:

«Մենք հավատում ենք, որ մեր միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները և ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան, ինչպես նաև նպաստել անպատժելիության մթնոլորտի վերացմանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բրիտանացի գործընկերներին հանգամանորեն իրազեկել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին:

Добавить комментарий