Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ փոխվարչապետ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին ծրագրված բանակցությունների հետաձգումը, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի այս քայլը սահմանային լարվածության համատեքստում, փոխվարչապետն ասել է, որ բանակցություններն այնպիսի բան են, որոնք երբեք հարթ չեն ընթանում։
«Իհարկե, այս անգամ հետաձգման պատճառների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում տարածել է, և դրա կապակցությամբ որևէ լրացնելու բան չունեմ։ Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց այդ հետաձգված բանակցությունները տեղի կունենան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խաչատրյանը։
Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, նա նշել է, որ այդ ամենն աշխատանքային գործընթաց է, և մշտապես տեսակետներ են փոխանակվում․ «Եթե ինչ-որ մի փուլում մենք ենք առաջարկություն արել, որի վերաբերյալ դեռ չգիտենք ադրբեջանական կողմի դիրքորոշումը կամ հակառակը, այդ ամենը սովորական գործընթաց է։ Այստեղ հատուկ որևէ բան դիտարկելու կարիք չկա։ Կարևորն այն է, որ կողմերն արձանագրում են, որ վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումները և բանակցություններն ավելի են մոտեցնում տեսակետները»։
Ճշտող հարցին, թե հայկական կողմը ստացե՞լ է Ադրբեջանի արձագանքները, Խաչատրյանը պատասխանել է՝ վստահաբար ինչ-որ փուլում հայկական կողմը առաջարկներ ստացել է․ «Հիմա մեր ամենավերջին առաջարկների կապակցությամբ ինչպիսին է եղել արձագանքը, Արտաքին գործերի նախարարությունը դրա կապակցությամբ պարզաբանումներ է հրապարակում։ Դրան չեմ ցանկանում որևէ բան ավելացնել։ Պաշտոնական տեղեկությունները նրանք են, որոնք ԱԳՆ-ն տարածում է»։
Добавить комментарий