Իրանի հրթիռային ծրագիրն օրինական է և պաշտպանական. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական և օրինական բնույթ ունի՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին ընդգծել է, որ այս հարցում Իրանին քննադատող երկրները միջուկային փորձարկումների, չտարածման ռեժիմի, ատոմային հրթիռների և կործանարար ոլորտներում միջազգային պարտավորությունները խախտելու երկար պատմություն ունեն։ Նրա խոսքով՝ նման երկրները չեն կարող մեկնաբանել Իրանի օրինական պաշտպանական կարողությունները։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան տեխնոլոգիաների և բարձր հարստացված ուրանի փոխանցման հարցում ակնհայտ խտրական մոտեցում են ցուցաբերում։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դա հակասում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
Նասեր Քանաանին միևնույն ժամանակ բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը՝ արտաքին սպառնալիքների դեմ արդյունավետ զսպող մեխանիզմ ստեղծելու և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը վերջին օրերին ներկայացրել են իրենց արտադրած նոր հիպերձայնային հրթիռը, որի ներկայացման արարողությանը մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Սա Իրանի կողմից սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելուն ուղղված հերթական քայլն էր, որն առաջացրել է արևմտյան երկրների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի դժգոհությունը։
Добавить комментарий