Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Չնայած ԱՄՆ-ի արգելքին՝ Իրանը նախորդ տարի 159 միջուկային ձեռքբերում է գրանցել

Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ գործակալությունը պարսկական անցած օրացուցային տարում գրանցել է 159 ձեռքբերում՝ ի հեճուկս ԱՄՆ պատժամիջոցների և Արևմուտքի առաջացրած խոչընդոտների։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Էսլամին շեշտել է, որ միջուկային նվաճումները ձեռք են բերվել իրանցի երիտասարդ փորձագետների կողմից տարբեր ոլորտներում: «Անցյալ տարի մենք ունեցել ենք 159 ձեռքբերում։ Մեզ համար կարևոր էր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ ժամանակը և գաղափարը վերածել արտադրանքի»,- նշում է նա։

Իրանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են իրանական ռադիոդեղագործական ընկերություններին և թույլ չեն տալիս նրանց ուղարկել կամ ստանալ որևէ խմբաքանակ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը դեմ է Իրանում ուրանի հարստացմանը և վառելիքի ցիկլին, քանի որ դեմ է երկրի հզորության աճին։

Անդրադառնալով նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Վենեսուելա կատարած այցին՝ Էսլամին ասել է, որ Լատինական Ամերիկայի հետ Իսլամական Հանրապետության ռազմավարական հարաբերությունները զայրացրել են ԱՄՆ-ին։ Նա ասել է, որ միջուկային խնդիրը Լատինական Ամերիկայի հետ Իրանի համագործակցության ուղղություններից մեկն է։

«Վենեսուելան պնդում է, որ ամերիկացիներն արգելափակել են իրենց բժշկական արդյունաբերությունը: ԱՄՆ-ն քարոզում է մարդու իրավունքների մասին, բայց չի հարգում մարդկային կյանքը»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի իշխանությունները չափազանց մեծ նշանակություն են տալիս երկրի միջուկային հզորության մեծացմանը՝ չնայած այս հարցում ԱՄՆ-ի և արևմտյան պետությունների կողմից գործադրվող ճնշումներին։ Իրանական կողմը սա համարում է նաև իր համար անվտանգային հարց, որի միջոցով կարողանում է զսպել երկրի առջև ծառացած սպառնալիքները։

Добавить комментарий