ՌԴ-ն և Իրանը «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են. իրանցի փորձագետ
Ռուսաստանը և Իրանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են, իսկ երթուղու արևմտյան հատվածի զարգացումը կարող է օգնել նվազեցնել առաքման ժամանակը և բեռնափոխադրման ծախսերը: Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշվում է իրանցի հետազոտող Յունես Շարիֆիի հոդվածում։
Հետազոտողն ընդգծել է, որ Ռուսաստանը և Իրանը՝ որպես պատժամիջոցների ենթարկված երկրներ, շահագրգռված են արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացման, ինչպես նաև արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ գտնելով։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմի սկզբից զգալիորեն աճել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ռազմավարական նշանակությունը։
«Իրանի և Ռուսաստանի միջև աճող համագործակցությունը վկայում է այս միջանցքի երկայնքով ենթակառուցվածքների զարգացման հարցում երկու կողմերի շահագրգռվածության մասին»,- նշել է նա:
Վերջինիս համոզմամբ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը կենտրոնական և որոշիչ նշանակություն ունի և Մոսկվային հնարավորություն կտա զարգացնելու տնտեսական հարաբերությունները Հնդկաստանի հետ, որն Ուկրաինայի պատերազմից հետո մեծացրել է ՌԴ-ից նավթի ներկրման ծավալները: Նա կարծում է, որ միջանցքը շահութաբեր կլինի նաև Իրանի համար, որը կստանա տարանցման վճար:
Շարիֆին հավելել է, որ չնայած Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման և մաքսային խնդիրների լուծման վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը՝ քաղաքական և տեխնիկական խնդիրները կարող են խանգարել, որ երկարաժամկետ հեռանկարում այս միջանցքը հասնի իր առավելագույն հզորության:
Добавить комментарий