Նոյեմբերի 9-ի երեկոյան պարզվեց՝ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում․ Փաշինյան
Ինչպե՞ս է ստորագրվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը․ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին․ «Եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններ սկսվեցին նոյեմբերի 6-ին: Ես համաձայնվեցի այդ թեմայով բանակցություններ սկսել՝ պայմանով, որ դրանցում չլինեն Շուշիի և Հայաստանի տարածքով անցնող միջանցքի վերաբերյալ դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որն Ադրբեջանն իր վերահսկողության տակ էր առել: Սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը: Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի։ Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել Շուշին, դա էլ է շրջադարձ: Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր վերահսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չենք կարող»:
Փաշինյանը նշել է, որ ԼՂ նախագահն ահազանգում էր Ստեփանակերտի՝ խոցելի լինելու մասին, և կար հավանականություն, որ ադրբեջանցիները, գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ՝ շարունակելով դեպի Ասկերան, այնտեղից արդեն թիկունքից խփելով ՊԲ պաշտպանական շրջաններին և թիկունքից մտնելով Հաթերք-Սոթք հատված․ «Բանակցությունները վարվում էին ՌԴ նախագահի միջոցով, նոյեմբերի 8-9-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում՝ շուրջ 60 հեռախոսային խոսակցություն: Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը, և ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։
Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ոչ թե կեսգիշերին»։
Փաշինյանի խոսքով՝ պարզվեց՝ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ: Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում․ «Այսինքն՝ ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում անընդհատ քննարկումներ, տարբեր համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում էր, որ նոր լրացումներ են առաջարկվում: Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։
Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։ Ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։
Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։
Ի վերջո, բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի է բոլորին, որը, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ:
Եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկությունը հրպարակվեց ստորագրումից որոշ ժամանակ անց, և հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին:
Բայց փաստաթղթի ստորագրումից շատ չանցած՝ գրոհի ենթարկվեցին կառավարական շենքերը Երևանում, մասնավորապես կառավարության նստավայրը, ԱԺ-ն և կառավարական կեցավայրը: Հարձակման ենթարկվեց ԱԺ նախագահը»:
Добавить комментарий