Հարևանների հետ կապերի ընդլայնումն Իրանի արտաքին քաղաքականության առանցքներից է. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի հավասարակշռված արտաքին քաղաքականության հիմնական գծերից մեկն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանի 13-րդ կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 3-ին հայտնել է արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության հաստատման մասին։ Նրա խոսքով՝ այս համատեքստում Իրանի կառավարությունը հարևանների ու տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնումը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:
Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ տարածաշրջանային քաղաքականությունը, դեպի արևելք հայացքը, տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպություններին ու ինստիտուտներին մասնակցությունն Իրանի արտաքին քաղաքականության հավասարակշռման օրինակներ են, որոնց հետևում է երկրի կառավարությունը:
Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանի հարևանները շահում են Իրանի տնտեսական, առևտրային և քաղաքական կարևոր կարողություններից։ Նա նշել է, որ հարաբերություններն առավել զարգացնելու և բարձրաստիճան պաշտոնյաների նախորդ երկկողմ այցերի ընթացքում հաստատված կետերին հետևելու նպատակով մեկնել է Կատար և Օման։
#Դետքի_հետագծով
Իրանը և Կատարը Նավթ արտահանող երկրների կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ի տարբերություն այս կազմակերպությունների մյուս անդամ երկու երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Կատարն ընդհանուր առմամբ զերծ է մնում Իրանի ներքին և արտաքին գործերին միջամտելուց և քննադատելուց։
Կատարը նաև բարձր մակարդակի մի քանի հանդիպում է անցկացրել իրանցի պաշտոնյաների հետ, որոնց ժամանակ կնքվել են անվտանգությանն ու տնտեսությանը վերաբերող մի շարք համաձայնագրեր։
Добавить комментарий