Բերձորի միջանցքի վերաբերյալ բանաձևը ԵԽԽՎ-ում քննարկման է դրվել քաղաքական նպատակներով. Սեյիդով
«ԵԽԽՎ-ում Բերձորի (խմբ.) միջանցքին նվիրված բանաձևը քննարկվել է քաղաքական նպատակներով»,- այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը Բերձորի (խմբ.) միջանցքի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ։
«ԵԽԽՎ-ում քննարկումները խոչընդոտում են խաղաղությունը։ Ինչպես գրված էր, այս բանաձևը քննարկման է դրվել ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև քաղաքական նպատակներով։ Զեկուցողն առարկում է ԼՂ բառը բանաձևից հանելուն, սակայն «Լեռնային Ղարաբաղ» բառն այլևս գոյություն չունի։ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և պետական մակարդակով որոշում է կայացվել հանել «լեռնային» բառը»,- ընդգծել է Սամեդ Սեյիդովը։
«Այստեղ ընթացող խոսակցություններն ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։ Ոչ ոք չի կարող ասել, որ Արցախի (խմբ․) բնակչությունը, երեխաները, մահացել են սովից։ Ոչ ոք չի կարող ասել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլ չեն տվել մտնել Արցախ (խմբ․)»,- ասել է նա։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
#Դետքի_հետագծով
Բերձորի հատվածով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է, իսկ զուգահեռ իրականությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը պնդում է, որ չկա նման իրողություն, և այդ խոսակցություններն ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։
Նշենք, որ ԵԽԽՎ-ն ընդունել է «Բերձորի (խմբ․) միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը:
Добавить комментарий