DETQ

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել շարժումը Ռուսաստանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնվել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Բելառուսի նախագահականի մամուլի ծառայությունը։

«Սեղանին է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ` «Վագների» զինյալների համար անվտանգության երաշխիքների տրամադրմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Լուկաշենկոն բանակցությունները վարել է ողջ օրվա ընթացքում` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ։ Ըստ հայտարարության՝ կողմերը համաձայնվել են, որ չի կարելի արյունահեղության գնալ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, Կրեմլի մերձակայքում երթևեկում են զրահամեքենաներ. առնվազն մեկ քաղաք` Դոնի Ռոստովը, գտնվում է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հսկողության տակ:

 

Добавить комментарий